Մեծանալ

Մեծանալ։ Մենք բոլորս մեծանում ենք, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան մենք մեծանում ենք։ Սկզբում նորածին ենք, մեզ խնամում են, կերակրում են, ուշադրություն տակ են պահում, հետո մի փոքր մեծանում ենք ու սկսում ենք ինքնուուրույն քայլել, սկսում ենք խոսել, գնում ենք մանկապարտեզ, որտեղ մեզ զարգացնում են, մեզ հետ զբաղվում են։ Անցնում է նաև մեր մանկարապարտեզ հաճախելու տարիքը, արդեն մեր ուղեղը բավական զարգացած է, ինքնուրույն կարողանում ենք  շրջակա աշխարհի հետ կապ հաստատել՝ խոսել ուրիշների հետ, քայլել ճիշտ տեղերով և ոչ թե խոտերի ու ծաղիկների վրայով, աղբը թափել աղբանոցում։ Ճիշտ է այս ամենը ոչ բոլորի ուղեղին է հասնում, բայց այդ տարիքը նախատեսված է այդքանը սովորելու համար։ Տարրական կանոնների հետ ծանոթանալուց հետո  գնում  ենք դպրոց, որտեղ ստանում ենք գիտելիքներ, որոնք մեզ օգնում են պատանեկան առօրյա կյանքում։ Սակայն մինչև պատանի կյանք մտնելը դեռ շատ փուլեր պետք է հաղթահարել։ Դպրոցի սկզբնական շրջանում կյանքը շատ հեշտ է թվում, մինչ այն պահը, երբ մի փոքր հասունանում ես։ Կյանքին նայում ես ավելի բաց աչքերով, ավելի լավ ես հասկանում ամեն ինչ։ Ու հասկանում ես, որ կյանքն այնքան հեշտ չէ, ինչքան դու էիր պատկերացնում, այն ժամանակ, երբ դեռ փոքր էիր ու միայն ծիծաղում էիր։ Կյանքի այս փուլ մտնելով, դժվարություններն աստիճանաբար սկսում են քեզ շրջապատել։ Առօրյա կյանքն էլ այնքան հեշտ չի լինում։ Կորցնում ենք որոշ ընկերներ, որոնց ավելի լավ ճանաչելով հասկանում ենք, որ նրանք մեզ երբեք էլ ընկեր չէին, սկսում ենք խաղերով քիչ հետաքրքրվել, ավելի քիչ ժամանակ տրամադրել, որովհետև արդեն դասերն ու այլ անելիքներն են շատացել։ Ընկնում ենք նոր շրջապատ, որին այդքան էլ չենք հարմարվում։ Այս բոլոր խնդիրների հետ, որոնք մեզ նաև շրջապատում են հենց առօրյա կյանքում, մենք մեզ համար ստեղծում ենք «կոմֆորտ զոնա», մենք այստեղ մեզ ապահով ենք զգում, ունենք այն ընկերները, որոնց հետ մեզ լավ ենք զգում, ունենք այն հետաքրքրությունները, որոնք մեզ օգուտ են տալիս ու մեզ չեն վնասում։ Ու հասկանոմ ես, որ քո շրջապատի մարդիկ և ընկերներդ այնքան շատ չեն,  ինչ այն ժամանակ, երբ փոքր էիր, որովհետև նոր ես հասկացել իսկական ընկերոջ արժեքը, արդեն լավ գիտես, թե ով պետք է քո կողքին լինի։ Սակայն այս քո ստեղծած ապահով անկյունն էլ քեզ չի փրկում, որովհետև պետք է հաղթահարես ներքին խնդիրներդ։ Հասունանալու հետ քո մեջ շատ բան է փոխվում, ու պետք է հարմարվել քո նոր եսի հետ և նրան պաշտպանես առօրյա բախումներից։ Այս ամենին հարմարվելով՝ ժամանակն է քո այդ հյուսած ապահով անկյունից դուրս գալու ու ավելի բարձրանալու, որովհետև տեղում դոփելով ոչնչի չես հասնի, այստեղ էլ նոր խնդիրներ են առաջ գալիս, պետք է հարմարվես նոր միջավայրին։ Հետո մեկ տարի էլ ես մեծանում ու արդեն այս ամենին սովորում ես, կյանքն այդքան դժվար չէ, արդեն ադապտացվել ես, ճիշտ է դժվարն առջևում է, սակայն հիմա պատրաստ ես դրան։ Մեծանում ու փոխվում է ոչ միայն քո մտածելակերպն ու կյանքը, փոխվում է նաև քո մարմինը։ Դեմքդ ու մարմինդ հասունանում են,  սկսում են կոշտանալ, սևանալ, դեմքդ սկսում է դուրս տալ, բեղերդ արդեն երևում են, նայում ես քեզ հայելու մեջ ու փոքրիկ ծիծաղ է հնչում, հասկանում ես, որ հասունանում ես։ Ես դեռ փոքր եմ ավելիի մասին խոսելու համար, այն ամենն ինչ կարող եմ անել, ուրախանալն է այն ամենի համար, ինչ ունեմ ու ձեռք եմ բերելավելին, ուրախանալ, որովհետև գիտեմ, որ այս մանկությունն է այն ժամանակը, որի ժամանակ կարող եմ անընդհատ ծիծաղել, ամեն ինչի մեջ ինչ-որ ծիծաղելի բան փնտրել, ընկերներիս հետ խոսել, ու որ այդ ժամանակ ժպիտս դեմքիցս չպակասի։ Մենք բոլորս էլ մեծանում ենք․․․։

Հեղինակ՝ Ալեն Աբովյան

Արևի նման նայեք աշխարհին

Շատերը կհարցնեն, թե ինչպես կարելի է աշխարհին նայել արևի նման, եթե մենք նույնիսկ չգիտենք, թե ինչպես է արևը նայում։ Դե, այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ չէ իմանալ, թե արևը ինչպես է նայում, բավական է միայն հասկանալ, որ արևը խորհրդանշում է լույսը, իսկ այն, ինչ լուսավոր է, ուրախ է և պայծառ։

Յուրաքանչուր բան, ինչը մեզ շրջապատում է, կարող է լինել ինչպես ուրախացնող, այնպես էլ տխրեցնող՝ մարդիկ, բնությունը, առարկաները, կենդանիները և այլն։ Ընտրեցի հենց այս թեման, որովհետև ինքս էլ երբ, որևէ բանից տխրում եմ, սկսում եմ ավելի լուսավոր կողմից նայել պատահածին և դրանում ինձ օգնում է արևի՝ աշխարհին նայելու տեսակետը։ Այսօր, երբ դեռ չգիտեի, որ գրելու եմ նման մտքեր, մտածեցի, իսկ ինչու՞ են ամենաքաղցրահամ մրգերը աճում այն երկրներում, որտեղ արևը սովորականից ավելի մոտ է և ուժեղ։ Հետո, չնայելով բնագիտական նյութեր և ուսումնասիրություններ, ինքս մտածեցի, թե ինչքան համեղ կարող է դառնալ միրգը (և ոչ միայն) արևի շողերի դիպչելուց հետո։ Այսինքն արևն է քաղցրացնում կյանքը, իսկ նայելով արևի նման՝ մենք էլ կկարողանանք քաղցրացնել և՛ մարդկանց, և ինքներս մեզ։

Հեղինակ՝ Մանե Հովսեփյան

Քո մտքերը ձևավորում են քեզ

Ո՞վ ես դու: Արդյոք դու դու ես մարդկանց կողքին: Երբ քեզ շրջապատում են ընկերները, ընտանիքդ, արդյոք այդ ժամանկ դու քեզ քո պես ես պահում: Հանում ես դիմակդ և սկսում ես վայլել իրական եսդ: Արդյոք դու պատրաստ ես ցույց տալ քո իրական դեմքը մտերիմներիդ: Չե՞ս վախենա: Չ՞ես մտածի, որ կարող է իմանալով իրական եսդ՝ մեջքով կանգնեն : Իմ կածիքով, մենք լինում ենք իրական մենք միայն օրվա մի ակնթարթում: Դա լինում է քնելուց առաջ: Այո, հենց այն պահը, երբ դու պառկում ես և պատրաստվում քուն մտնել: Երբ քնելուց առաջ ինչ -որ ՙՙապուշ՚՚ մտքեր են գալիս: Ասեմ, որ հենց այդ ապուշ մտքերի ժամանակ դու լինում ես իրական դու: Հենց այդ մտքերն են ձևավորում  քեզ: Այդ պահին այն, ինչ գալիս է քո մտքին, դա է քեզ բնութագրում: Քո մտքերը դու ես: Այն, ինչ դու մտածում ես, իրական եսդ  է ցույց տալիս:

Հեղինակ՝ Յանա Սուքիասյան

Իրականություն

Իրականությունն այնտեղն է, որտեղ դու ոչ միշտ կստանաս ուզածդ, ոչ միշտ երջանիկ կլինես, ոչ միշտ ուրախ և սիրով պատված, ոչ միշտ լավը, բարի: Իրականությունը դժվար է ընդունել: Դժվար է ընդունել այն ամենը, ինչ կատարվում է: Մեկը օգտագործում է և գնում, մյուսը՝ մնում, մնում մինչև կյանքի վերջ: Ոչ միշտ է իրականությւոնը տալիս այն, ինչ ուզում ես, բայց դա առիթ չէ փախչելու: Երբ վազում ես իրականությունից այնտեղ, որտեղ չկան խնդիրներ, կա միայն սեր, քնքշություն, բարություն և երջանկություն, արդյոք այդտեղ  ինչ-որ բան կստանաս ինքնախաբեությունից բացի:

Այո՛, իրականությունը դժվար է, բայց առանց իրականության դուք չէիք լինի ուժեղ, հասկացող: Իրականության տված այդ բոլոր ցավերը լինում են, որ դուք ինչ-որ բան սովորեք, ոչ թե որ վազեք և թաքնվեք: Իրականությունը դրախտ չէ, բայց փախչելիս նույնպես դրախտ չես ընկնի:

Հեղինակ՝ Յանա Սուքիասյան

Սպասել, սպասել և անվերջ սպասել

Կարծում եմ՝ շատերը կհամաձայնվեն, որ ամենատհաճ զգացողություններից մեկը սպասելն է, ու ընդհանրապես նշանակություն չունի, թե ինչին ես սպասում` դասերի կամ աշխատանքի վերջի՞ն, թե՞ անձրևի կտրվելուն, գուցե լուսաբացին կամ էլ չքնաղ մայրամուտին, գարնան գալո՞ւն, թե՞ շոգերի վերջանալուն, ինչ-որ մեկի հետ հանդիպմա՞ն, թե՞ նրանից նամակի կամ զանգի: Երբ սպասում ես ինչ-որ բանի, ասես ժամանակը կանգ է առնում, ժամացույցի սլաքներն ավելի դանդաղ են շարժվում ու օրացույցի օրերը դանդաղ են փոխվում: Բայց միևնույնն ժամանակ այն, ինչին սպասում ես այդքան անհամբեր, ավելի «քաղցր» է դառնում, ավելի թանկ ու սպասելի:

Ուզում ենք ամեն ինչը շուտ լինի, բայց ցավոք հասկանում ենք՝ սպասելուց բացի ոչինչ չենք կարող անել. կան բաներ, որ մեր ձեռքերում չեն: Չենք կարող սլաքներն առաջ տալով, օրացույցի թերթիկները պոկելով ժամանակն առաջ տալ, չենք կարող արևին ստիպել դուրս գալ կամ մայր մտնել, մարդկանց մտքի ուժով ստիպել ինչ-որ բան անել (փորձել եմ, չի օգնում), չենք կարող դեմ գնալ կյանքին, ինչ լինելու է, կլինի անկախ մեր ցանկությունից, իսկ ինչը չի լինելու, երբեք չի լինի, ինչքան էլ ցանկանանք, փորձենք, ուժ գործադրենք: Երբեմն մարդիկ հոգնում են սպասելուց, հոգնում են, երբ սպասելուց բացի ոչինչ չեն կարողանում անել:

Իսկ ես… Տարօրինակ է, բայց սիրում եմ սպասել, չնայած  երբեմն անտանելի է դառնում այդ զգացողությունը, ֆիզիկական ցավ զգալու չափ տհաճ, բայց միևնույն ժամանակ կարևոր զգացողություն է, որովհետև սպասվածի կարևորությունն է ցույց տալիս, որովհետև եթե ինչ-որ բան կարևոր է, երբեք չես դադարի սպասել: Մի՞թե ձմեռվա սառնությունից հոգնածը կդադարի սպասել գարնանը միայն այն պատճառով, որ դեռ երկու կամ մեկ ամիս կա առջևում, կամ մի՞թե անձրևի ավարտին սպասողը հոգնելու պատճառով կցանկանա, որ այն հավերժ շարունակվի, կամ գուցե օրը մռայլ լինելու պատճառով վաղը կրկին չի հետևի արևածագին կամ մայրամուտին: Նույնը, կարծում եմ, հանդիպման դեպքում է, եթե մարդը թանկ է, չես դադարի սպասել թեկուզ միլիոն տարի անցնի: Այդպես է նաև, երբ սպասում ես զանգի ու հաղորդագրության, մի՞թե կդադարես նայել հեռախոսիդ ու ամեն րոպե ստուգել, թե արդյոք զանգ կամ հաղորդագրություն չի եկել: Կարծում եմ, երբ խոսքը վերաբերվում է սպասելուն, մենք բոլորս նման ենք իրար, իսկ սպասելները` ոչ:

Յուրաքանչյուրիս սպասելը տարբեր է, տարբեր են սպասելիքները, սպասվածները, սպասելու ձևն ու տևողությունը, բայց մեզ միավորում է մեկ բան` հույսը, որ վերջիվերջո մեր սպասելիքն իրականանալու է, վերջապես լինելու է այն, ինչին այսքան երկար տենչացել ենք, ինչի մասին մտածել ենք ամբողջ օրը, պահել ենք որպես մի գաղտնիք սրտի ամենախորքում, որ ոչ ոք չիմանա: Սուտ է, երբ ասում են հույսը կորցրած սպասում է, երբ խոսքը սպասելու մասին է մարդիկ իրենց հույսը չեն կորցնում, նույնիսկ երբ գիտեն, որ սպասելն իզուր է…

Հեղինակ՝ Իռեն Նահապետյան

Ընդունված ուրիշների կողմից

Սա  21-րդ դարն է,  այստեղ գնահատվում է ընկերների չափը, իրերի գինը, ինքնավստահությունը։ Դպրոցներում երեխաների համար շրջապատի կողմից ընդունված լինելն ամենաբարձր գնահատականն է։ Բոլոր դպրոցներում կան գրքից չկտրվողները, կյանքից հոգնածներ, իրենց հայտնիի տեղ դրածներ։ Ովքե՞ր են նրանք. ՞ սովորական աշակերտներ՝ ինչ- որ բանով միմյանցից տարբերվող։ Բայց բոլորին մի բան միացնում է՝ ուրիշների կարծիքից կախվածությունը։ Իսկ եթե հագնվածս չհավանեն, եթե սխալ պատասխանեմ ու ծիծաղի հետևանք դառնամ և այլն։ Այս հարցերով մենք ապրում ենք ամեն օր, ամեն գիշեր։  Բացառություններ միշտ լինում են. նրանք թքած ունեն մարդկանց կարծիքի վրա և անում են՝ ինչ  ուզում են:  Նրանց դրթում են  «Իմ կյանքն է, իմ որոշումը», «Ինձ համար միևնույնն է» և այլն խոսքեր։ Համարե՞նք դիմակ է: Չեմ կարծում, որ ուղղակի դիմակ է։  Շատերի դեպքում դա էություն է:

Հեղինակ՝ Քնարիկ Ադամյան

Դատարկ նավակ

Վարպետն ասաց.

-Երիտասարդ տարիներին ես հաճախ մենակ էի գնում լիճ և խորհում։ Ես ունեի փոքրիկ նավակ և կարող էի լողալ և մտածել ժամերով։ Մի օր լուսադեմին, երբ գիշերը կամաց-կամաց առավոտ էր դառնում, ես փակ աչքերով նստեցի և մտորեցի։

Հանկարծ ինչ-որ մեկի նավակը հարվածեց իմ նավին և խախտեց այս առավոտվա ողջ ներդաշնակությունը: Ինչքա՜ն բարկացրեց ինձ։ Ես պատրաստվում էի սաստել նավի տիրոջը, բայց բացեցի աչքերս ու տեսա, որ նավակը դատարկ է։ Ես ոչ ոք չունեի իմ զայրույթը հանելու համար: Այսպիսով, ես պարզապես փակեցի աչքերս և փորձեցի նորից ներդաշնակություն գտնել իմ մեջ:

Երբ արևը ծագեց, ես իմ մեջ խաղաղություն գտա: Դատարկ նավակը դարձավ իմ ուսուցիչը։ Այդ ժամանակվանից, եթե ինչ-որ մեկը փորձում է վիրավորել ինձ, ես ուղղակի ասում եմ ինքս ինձ. «Եվ այս նավը նույնպես դատարկ է»:

Ռուսերենից թարգմանությունը՝ Հովսեփ Հակոբյանի

Ծաղիկ և Քամի

Քամին հանդիպեց մի գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա նրբորեն շոյում էր Ծաղիկը, այն արձագանքում էր նրան ավելի մեծ սիրով՝ արտահայտված գույնով ու բույրով։

Բայց սա չբավականացրեց Քամուն, և նա որոշեց. «Եթե ես Ծաղկին տամ իմ ամբողջ հզորությունը ու ուժը, ապա նա ինձ ավելին կտա»: Եվ նա շնչեց Ծաղկի վրա իր սիրո հզոր շնչով։ Բայց Ծաղիկը չդիմացավ բուռն կիրքին ու կոտրվեց։

Քամին փորձեց նրան բարձրացնել ու կենդանացնել, բայց չկարողացավ։ Հետո նա հանգստացավ ու սիրո մեղմ շնչով շնչեց Ծաղկի վրա, բայց նա թառամեց աչքերի առաջ։ Հետո քամին բղավեց.

-Ես քեզ տվեցի իմ սիրո ողջ ուժը, և դու կոտրվեցիր: Երևում է, որ դու իմ հանդեպ սիրո ուժ չունեիր, ինչը նշանակում է, որ դու չես սիրել։

Բայց Ծաղիկը չպատասխանեց։ Նա մահացել էր:

Սիրողը պետք է հիշի, որ սերը չափվում է ոչ թե ուժով ու կրքով, այլ քնքշությամբ ու ակնածալից վերաբերմունքով։ Ավելի լավ է տասը անգամ հետ պահել, քան մեկ անգամ կոտրել։

Ռուսերենից թարգմանությունը՝ Ժաննա Մկրտչյանի

Ուկրաինա

Ուկրաինա երկիրը գտնվում է Արևելյան Եվրոպայում, երկրորդ մեծ երկիրն է մայրցամաքի վրա Ռուսաստանից հետո։ Մայրաքաղաքը Կիևն է, տեղակայված է Դնեպր գետի մոտ,  հյուսիս-կենտրոնական Ուկրաինայում։
Լիովին անկախ Ուկրաինան ի հայտ դարձավ միայն 20-րդ դարի վերջին՝ Լեհաստան-Լիտվա, Ռուսաստանի և Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) հաջորդական տիրապետությունից հետո։
Ուկրաինան անկախության կարճ ժամանակաշրջան է ապրել 1918-20 թվականներին, սակայն Արևմտյան Ուկրաինայի որոշ հատվածներ երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում կառավարվում էին Լեհաստանի, Ռումինիայի և Չեխոսլովակիայի կողմից, իսկ դրանից հետո Ուկրաինան դարձավ Խորհրդային Միության մաս։
Երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել 1990-91 թվականներին, Ուկրաինայի ԽՍՀ օրենսդիր մարմինը հռչակեց ինքնիշխանություն (1990թ. հուլիսի 16), այնուհետև` բացարձակ անկախություն (1991թ. օգոստոսի 24), քայլ, որը հաստատվեց համաժողովրդական հավանությամբ` հանրաքվեի ժամանակ (1991թ. դեկտեմբերի 1): 1991 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ-ի կազմալուծմամբ Ուկրաինան ձեռք բերեց լիարժեք անկախություն: Երկիրը փոխեց իր պաշտոնական անվանումը՝ դառնալով Ուկրաինա, և դա օգնեց հիմնադրել Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ)՝ նախկինում Խորհրդային Միության հանրապետություններ հանդիսացող երկրների ասոցիացիան։

Անգլերենից թարգմանությունը՝ Լևոն Ավետիսյանի
Թարգմանության աղբյուրը՝ https://www.britannica.com/place/Ukraine

Վայելենք ակնթարթը

Աստված մեզ տվել է այս արժեքավոր կյանքը վայելելու համար: Մենք անցնում ենք կյանքի բազմաթիվ փուլեր. երբեմն ապրում ենք երջանիկ ակնթարթներ, երբեմն՝ դժվար ժամանակներ։

Երբ վատ ենք, շարունակ խոսում ենք միայն դրա մասին, մեղադրում բախտին, շրջապատող մարդկանց։ Երբ լավ ենք, հազվադեպ ենք հիշում լավ օրերը: Նույնիսկ այդ երջանիկ ժամանակաշրջանում՝ մենք շարունակում ենք խոսել մեր վատ ժամանակների մասին։

Երջանիկ ակնթարթներից են ուրախ տոնակատարությունները, ծննդյան տարեդարձը, որին մենք սպասում ենք երկար, բայց որը տևում է շատ կարճ՝ անկթարթներ։

Այդ երջանիկ ակնթարթներն են, որ վերածվում են հիշողությունների, որոնք մեզ լիցք են տալիս և գունավորում մեր կյանքը երկար ժամանակով։

Պետք է փորձենք վայելել մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը։ Առավոտյան մեզ կարող է ուրախություն պարգևել թռչունների դայլայլը, երեկոյան՝ գեղեցիկ մայրամուտը։

Մենք պետք է վայելենք այս բոլոր փոքրիկ իրադարձությունները և չկորցնենք կենսուրախությունը: Կյանքը չափազանց թանկ է։

Մի մտավորական ասել է , որ մենք պետք է ապրենք մեր կյանքն այնպես, կարծես վաղը մեռնելու ենք, և դասեր քաղել դրանից, կարծես թե պետք է հավերժ ապրենք:

Հեղինակ՝ Մոնիկա Պողոսյան