Սպասել, սպասել և անվերջ սպասել

Կարծում եմ՝ շատերը կհամաձայնվեն, որ ամենատհաճ զգացողություններից մեկը սպասելն է, ու ընդհանրապես նշանակություն չունի, թե ինչին ես սպասում` դասերի կամ աշխատանքի վերջի՞ն, թե՞ անձրևի կտրվելուն, գուցե լուսաբացին կամ էլ չքնաղ մայրամուտին, գարնան գալո՞ւն, թե՞ շոգերի վերջանալուն, ինչ-որ մեկի հետ հանդիպմա՞ն, թե՞ նրանից նամակի կամ զանգի: Երբ սպասում ես ինչ-որ բանի, ասես ժամանակը կանգ է առնում, ժամացույցի սլաքներն ավելի դանդաղ են շարժվում ու օրացույցի օրերը դանդաղ են փոխվում: Բայց միևնույնն ժամանակ այն, ինչին սպասում ես այդքան անհամբեր, ավելի «քաղցր» է դառնում, ավելի թանկ ու սպասելի:

Ուզում ենք ամեն ինչը շուտ լինի, բայց ցավոք հասկանում ենք՝ սպասելուց բացի ոչինչ չենք կարող անել. կան բաներ, որ մեր ձեռքերում չեն: Չենք կարող սլաքներն առաջ տալով, օրացույցի թերթիկները պոկելով ժամանակն առաջ տալ, չենք կարող արևին ստիպել դուրս գալ կամ մայր մտնել, մարդկանց մտքի ուժով ստիպել ինչ-որ բան անել (փորձել եմ, չի օգնում), չենք կարող դեմ գնալ կյանքին, ինչ լինելու է, կլինի անկախ մեր ցանկությունից, իսկ ինչը չի լինելու, երբեք չի լինի, ինչքան էլ ցանկանանք, փորձենք, ուժ գործադրենք: Երբեմն մարդիկ հոգնում են սպասելուց, հոգնում են, երբ սպասելուց բացի ոչինչ չեն կարողանում անել:

Իսկ ես… Տարօրինակ է, բայց սիրում եմ սպասել, չնայած  երբեմն անտանելի է դառնում այդ զգացողությունը, ֆիզիկական ցավ զգալու չափ տհաճ, բայց միևնույն ժամանակ կարևոր զգացողություն է, որովհետև սպասվածի կարևորությունն է ցույց տալիս, որովհետև եթե ինչ-որ բան կարևոր է, երբեք չես դադարի սպասել: Մի՞թե ձմեռվա սառնությունից հոգնածը կդադարի սպասել գարնանը միայն այն պատճառով, որ դեռ երկու կամ մեկ ամիս կա առջևում, կամ մի՞թե անձրևի ավարտին սպասողը հոգնելու պատճառով կցանկանա, որ այն հավերժ շարունակվի, կամ գուցե օրը մռայլ լինելու պատճառով վաղը կրկին չի հետևի արևածագին կամ մայրամուտին: Նույնը, կարծում եմ, հանդիպման դեպքում է, եթե մարդը թանկ է, չես դադարի սպասել թեկուզ միլիոն տարի անցնի: Այդպես է նաև, երբ սպասում ես զանգի ու հաղորդագրության, մի՞թե կդադարես նայել հեռախոսիդ ու ամեն րոպե ստուգել, թե արդյոք զանգ կամ հաղորդագրություն չի եկել: Կարծում եմ, երբ խոսքը վերաբերվում է սպասելուն, մենք բոլորս նման ենք իրար, իսկ սպասելները` ոչ:

Յուրաքանչյուրիս սպասելը տարբեր է, տարբեր են սպասելիքները, սպասվածները, սպասելու ձևն ու տևողությունը, բայց մեզ միավորում է մեկ բան` հույսը, որ վերջիվերջո մեր սպասելիքն իրականանալու է, վերջապես լինելու է այն, ինչին այսքան երկար տենչացել ենք, ինչի մասին մտածել ենք ամբողջ օրը, պահել ենք որպես մի գաղտնիք սրտի ամենախորքում, որ ոչ ոք չիմանա: Սուտ է, երբ ասում են հույսը կորցրած սպասում է, երբ խոսքը սպասելու մասին է մարդիկ իրենց հույսը չեն կորցնում, նույնիսկ երբ գիտեն, որ սպասելն իզուր է…

Հեղինակ՝ Իռեն Նահապետյան

Թողնել մեկնաբանություն