Տեղս չեմ գտնում

Թվում է, թե մենակությունը վատ բան է, սակայն երբեմն մենակ լինելու ցանկություն ունեմ։ Չեմ ուզում միշտ լինել մի տեղ, որտեղ ամեն ինչ շատ խառն է, անհասկանալի, վտանգավոր և անհանգիստ, իսկ այդպիսինն է դարձել ամբողջ աշխարհը։ Երբեմն թվում է, որ աշխարհն այնքան փոքր է, բայց և այնքան մեծ։ Չկա որևէ հանգիստ տեղ երկրագնդի վրա, որ կարելի է ամեն ինչ մոռանալ և չունենալ մտքեր՝ անիմաստ և շա՜տ խանգարող։ Պատկերացրեք, որ բոլոր հոգսերի մասին կարելի է մոռանալ և բոլոր տարօրինակ կանխազգացումները թողնել մի մութ անկյունում և չհիշել ոչ մի բան։ Ամեն օր արթնանալով՝ մտածում եմ ՝ արդյոք լավ օր է լինելու, արդյոք նորից հուզվելու եմ կամ կորցնելու մարդկանց։ Ամեն օրը մի արկած է, որը հաղթահարելուց հետո սպասում ես մյուսին։ Մի օր դեմքիդ կժպտան, մյուս օրը կցավեցնեն, իսկ մյուս օրը ձև կտաս, որ ամեն ինչ լավ է և գլուխդ բարձր կքայլես, միայն թե ոչ ոք չմտածի և չիմանա իրականությունը։ Ուղղակի ուզում եմ չիմանալ, չլսել կամ մտածել, որ ժամանակը արագ-արագ գնում է, իսկ ես անիմաստ վատնում եմ ինչ- որ մտքերի կամ մարդկանց վրա։ Անհասկանալի զգացումներ՝ թվում է ամեն ինչ ավարտված է, ես էլ չեմ կարողանալու իմ սիրելի գործով զբաղվել կամ որևէ մարդու հանդիպել։ Մտածել, մտածել և նորից մտածել, իսկ ապա վախենալ, հետո հասկանալ, որ վախը ոչ թե սովորական վախ է (մթության վախի նման), այլ իրականություն և այն բոլորիս մեջ է։ Իսկ վախը հեշտությամբ սնվում է քեզնով։ Ամեն վարկյան լսում ես տարօրինակ խոսակցություններ, հանդիպում տարօրինակ մարդկանց և այդ ամեն ինչը իսկապես շատ է ինձ անհանգստացնում, որովհետև չգիտեմ, արդյոք ճիշտ և հանգիստ կարող եմ նստել։ Չե՛մ գտնում տեղս, ուղղակի չի՛ ստացվում։ Նույնիսկ ամենախաղաղ օրն էլ մի փոքրիկ մեղու անպայման կծում է , և ես ամբողջ օրը անհանգիստ մտքերով եմ։ Երանի բոլորը հասկանային և սիրեին, գնահատեին մեր աշխարհը։ Ինչու՞ ենք աշխարհ ասելով հասկանում վատ, տխուր, քաղաքական վայր։ Լավ կլիներ, որ Աշխարհ ասեինք և պատկերացնեինք բնություն, բարություն, սեր, ջերմություն, ազատություն․․․

Չէ՛, ինչու՞ ապրենք լավ միջավայրում, եթե կարող ենք այն ոչնչացնել։

Գրում է Մանե Հովսեփյանը

Թողնել մեկնաբանություն