Սիրել կյանքը

Կյանքում  յուրաքանչյուր մարդ ունենում է հիասթափությունների, մտահոգությունների պահեր, դժվարություններ։ Չնայած ամեն ինչին ՝ պետք է սիրել կյանքը: Մեր շտապողականության,  անդադար նորության հետևից վազքի արդյունքում կորցնում ենք կյանքը սիրելու ՝՝ոսկի՝՝ ժամանակը։ Պետք է գնահատել այն, ինչ ունես։ «Ինչո՞ւ եմ սիրում կյանքը, որովհետև ես ապրում եմ»: Կյանքը անգնահատելի նվեր է: Ես սիրում եմ կյանքը, քանի որ այն լի է վառ գույներով ,այն ինձ տվել է լավ ծնողներ, հարազատներ և ընկերներ։ Ճանապարհին հանդիպած դժվարությունները ընկալում եմ  որպես դասեր, դրանք ավելի ուժեղ են դարձնում ինձ։ Յուրաքանչյուր մարդ ծնվում է երջանիկ լինելու համար: Միայն դա է ուզում։ Եվ ճանապարհին գտնվող բոլոր խոչընդոտները կվերանան, երբ մենք  հաստատուն ու վճռականորեն ասենք ինքներս մեզ՝ «Ես իսկապես սիրում եմ կյանքը»:

Գրում է Կարոլինա Եսայանը

Տեղս չեմ գտնում

Թվում է, թե մենակությունը վատ բան է, սակայն երբեմն մենակ լինելու ցանկություն ունեմ։ Չեմ ուզում միշտ լինել մի տեղ, որտեղ ամեն ինչ շատ խառն է, անհասկանալի, վտանգավոր և անհանգիստ, իսկ այդպիսինն է դարձել ամբողջ աշխարհը։ Երբեմն թվում է, որ աշխարհն այնքան փոքր է, բայց և այնքան մեծ։ Չկա որևէ հանգիստ տեղ երկրագնդի վրա, որ կարելի է ամեն ինչ մոռանալ և չունենալ մտքեր՝ անիմաստ և շա՜տ խանգարող։ Պատկերացրեք, որ բոլոր հոգսերի մասին կարելի է մոռանալ և բոլոր տարօրինակ կանխազգացումները թողնել մի մութ անկյունում և չհիշել ոչ մի բան։ Ամեն օր արթնանալով՝ մտածում եմ ՝ արդյոք լավ օր է լինելու, արդյոք նորից հուզվելու եմ կամ կորցնելու մարդկանց։ Ամեն օրը մի արկած է, որը հաղթահարելուց հետո սպասում ես մյուսին։ Մի օր դեմքիդ կժպտան, մյուս օրը կցավեցնեն, իսկ մյուս օրը ձև կտաս, որ ամեն ինչ լավ է և գլուխդ բարձր կքայլես, միայն թե ոչ ոք չմտածի և չիմանա իրականությունը։ Ուղղակի ուզում եմ չիմանալ, չլսել կամ մտածել, որ ժամանակը արագ-արագ գնում է, իսկ ես անիմաստ վատնում եմ ինչ- որ մտքերի կամ մարդկանց վրա։ Անհասկանալի զգացումներ՝ թվում է ամեն ինչ ավարտված է, ես էլ չեմ կարողանալու իմ սիրելի գործով զբաղվել կամ որևէ մարդու հանդիպել։ Մտածել, մտածել և նորից մտածել, իսկ ապա վախենալ, հետո հասկանալ, որ վախը ոչ թե սովորական վախ է (մթության վախի նման), այլ իրականություն և այն բոլորիս մեջ է։ Իսկ վախը հեշտությամբ սնվում է քեզնով։ Ամեն վարկյան լսում ես տարօրինակ խոսակցություններ, հանդիպում տարօրինակ մարդկանց և այդ ամեն ինչը իսկապես շատ է ինձ անհանգստացնում, որովհետև չգիտեմ, արդյոք ճիշտ և հանգիստ կարող եմ նստել։ Չե՛մ գտնում տեղս, ուղղակի չի՛ ստացվում։ Նույնիսկ ամենախաղաղ օրն էլ մի փոքրիկ մեղու անպայման կծում է , և ես ամբողջ օրը անհանգիստ մտքերով եմ։ Երանի բոլորը հասկանային և սիրեին, գնահատեին մեր աշխարհը։ Ինչու՞ ենք աշխարհ ասելով հասկանում վատ, տխուր, քաղաքական վայր։ Լավ կլիներ, որ Աշխարհ ասեինք և պատկերացնեինք բնություն, բարություն, սեր, ջերմություն, ազատություն․․․

Չէ՛, ինչու՞ ապրենք լավ միջավայրում, եթե կարող ենք այն ոչնչացնել։

Գրում է Մանե Հովսեփյանը

Գիրք, որ փոխեց իմ կյանքը

Ի՞նչ է ընդհանրապես գրականությունը: Ինչո՞ւ է անհրաժեշտ, ինչու են մարդիկ կարդում: Իսկ ընդհանրապես, ի՞նչ կարող է սովորեցնել հաստ կապոցով փաթաթված թուղթը։ Իրականում գիրքը, ցանկացած ստեղծագործություն անգին են: Այն, ինչ արվում է հոգու հետ, միշտ կլինի ավելին, քան նյութի մի կտոր, մարդն իր ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրում է, իր համար նոր հատվածներ է բացահայտում և ձգտում դեպի անհայտը: Դժվարությունները հաղթահարելու ցանկությունը թույլ է տալիս աշխարհին զարգանալ, իսկ մարդու հոգին դառնում է ավելի պայծառ ու հարուստ: Առաջընթացը կանգ կառներ, եթե չլիներ գրականությունը։ Այն հաջորդականությունների հստակ շղթայի սկիզբն է, որը հանգեցրեց իր մեջ անսահման տարածությունների ու խորությունների բացահայտմանը: Գրականությունը հիմնական դրդապատճառներից է, գաղափարական ոգեշնչումներից, կյանքի դպրոցներից, գիտելիքի ու պատմության շտեմարանից։ Մի ամբողջ հսկայական աշխարհ՝ գեղարվեստական և իրական, կարող է տեղավորվել մեկ ստեղծագործության մեջ։ Այն կա տողերում և դրանց միջև, մենք կարող ենք ցանկացած պահի հայտնվել այնտեղ և տեսնել ամեն ինչ մեր երևակայության մեջ է։ Եվ ամենակարևորը՝ շատ բան սովորելու համար պարզապես պետք է ըմբռնել:

Սեր. սա երևի ամենագլխավորն է, ամենագեղեցիկն ու անկեղծը, որ ցանկացած գիրք կարող է տալ մարդուն։ Ստեղծագործություններ, որոնք կարդալուց հետո, թվում է, թե ինչ-որ առանձին հարթության մեջ ես, որտեղ ամեն ինչ այլ է։ Մարդիկ տարբեր են, և որոշ բաներ այլ նշանակություն ունեն։
Հայտնի անգլիացի գրող Քոլին Հուվերի «Ամեն ինչ ավարտվում է մեզ հետ» գիրքն ինձ համար դարձել է իմ կյանքի այս պահին առանցքային թեմա։Վերջերս սկսեցի կարդալ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ հիմա շատ բաների բոլորովին այլ կերպ եմ նայում։
Սերն ու բնավորությունը այս գրքում հանդիպող ամենակարևոր թեմաներից են: Սկզբում կարծում էի, որ սերը չի կարող գոյություն ունենալ, եթե երկու մարդիկ միմյանց համար ճիշտ չլինեն, բայց Քոլին Հուվերն ինձ հակառակը համոզեց:

Փոխադրեց Լիանա Դոխոյանը

Հետաքրքիր փաստեր Բելգիայի մասին

  • Մինչև 1970-ականները Բելգիայի դպրոցական ճաշարաններում աշակերտներին հատկացվում էր գարեջուր, որն այնուհետև փոխարինվեց գազավորված ըմպելիքով: Որոշ ակտիվիստներ դեռ պնդում են, որ գարեջուրը վերադարձվի դպրոցականների ճաշացանկ, քանի որ կարծում են, որ այս ըմպելիքն ավելի առողջարար է, քան գազավորված քաղցր ըմպելիքը: Նշենք, որ խոսքը գնում է մինչեւ 1,5 աստիճան ուժգնությամբ սեղանի գարեջրի մասին։
  • Ընդհանուր առմամբ Բելգիայում արտադրում են 800-ից ավել տեսակի գարեջուր: 1999 թվականից երկրում կա ակադեմիա, որում զբաղվում են այդ խմիչքի դրական հատկությունների ուսումնասիրությամբ:
  • Բելգիացի Ադոլֆ Սակսը, հայտնագործել է սակսոֆոնը, իսկ իր հայտնագործությունը անվանել է բերանային օֆիկլիդ:
  • Ամբողջ աշխարհում տարածված SPA-սրահները իրենց անվան համար պարտական ​​են բելգիական Սպա հանգստավայրին, որը հայտնի է իր հանքային ջրերի աղբյուրներով:

Թարգմանությունը՝ Արեն Կարսեցյանի